среда, 4 марта 2015 г.

Վազգեն Սարգսյանը

Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։
Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
88-ի խանդավառությամբ բռնկված ալիքը երբ մասամբ խաղաղվեց, մեր նորանկախ պետության առջեւ ուրվագծվեց երկու նոր ճանապարհ' քաղաքական ու ռազմական։ Առաջինով գնացողների թիվը մեծ էր, մանավանդ փառքի ու ապահովության պսակով զարդարված։ Երկրորդ ճանապարհը, որ բռնված էր կամավոր նվիրյալների անկազմակերպ խմբերով, պիտի ընտրեր ի՜ր ճամփորդին։ Իսկ նա երկնքից չէր գալու։ Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպման քուրայի մեջ էր Հայաստանում եւ Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։
1989-91թթ. Հայաստանում իշխում էր սոդոմ-գոմորի իրարանցումը։ Մի կողմից սովետմիության փլուզումը, մյուս կողմից պատերազմն ու շրջափակումը, երրորդ կողմից' կուսակցական-քաղաքական խժդժությունները, չորրորդ կողմից խուճապն ու անհուսությունը բռնել էին երկիրը։ Սակայն կար նաեւ հինգերորդ կողմը, ուր հենց նայում էր Վազգեն Սարգսյանը։ Դա խառնիխուռն ջոկատների խմբավորումն էր միասնական հրամանատարության ներքո, որը նշանակում էր ստեղծել բանակի կորիզ, վարել կազմակերպված կռիվ եւ կոփել հաղթանակի կամք։
1990թ. սեպտեմբերի 20-ին հռչակվեց հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պատմական հրամանագիրը Հատուկ գնդի ստեղծման մասին։
Զինհրապարակում հպարտորեն շարքի կանգնեցին կամավորականները, նրանք, որ կռվել էին հայրենիքի սահմաններում, Արցախի լեռներում, քայլել կորուստների ու հաղթանակների միջով, թրծվել իբրեւ կորովի մարտիկներ։
Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին' նորածիլ երեսներով պատանիներից մինչեւ կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիք' իր իսկ' Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ, մի հին մոռացված սքանչելի բառով' Երկրապահ։
Նույն թվականի նոյեմբերի 5-ին Հատուկ գունդը երդվեց։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
Հայոց զենքի հաղթանակների բարձրակետը եղավ 92 թվականի մայիսի 8-ից, երբ վաղ առավոտյան Արցախի ինքնապաշտպանական ուժերը չորս ուղղություններով սկսեցին Շուշիի անիրական թվացող գրոհը։ Հետագայում պատմաբաններն այս օպերացիան կդասեն հայ մարտարվեստի դասականների շարքը, որն իրագործվեց Վազգեն Սարգսյանի, մեր զինվորների ու հրամանատարների բարձր խիզախության շնորհիվ։
Նույն օրվա երեկոյան Շուշին ազատագրված էր։
Հայության ոգեւորությունն անչափելի էր։ Սակայն զգացական վերաբերմունքը մի կողմ, Շուշիի ազատագրումն ուներ պաշտպանական եւ ռազմավարական հսկայական նշանակություն։ Մայիսի 9-ին եւ 10-ին սկսվեց անկասելի գրոհը Լաչինի ուղղությամբ։ Խուճապի մատնված հակառակորդը նահանջում էր, թողնելով ռազմամթերք ու տեխնիկա։ Լաչինի ճակատագիրը որոշված էր։ Պատմության տիրակալների քմահաճությամբ արված սխալը վերջապես շտկվեց, ցամաքային ուղղակի կապ ստեղծվեց Հայաստանի ու Արցախի միջեւ։ Անհատ մարդկանց կամ խմբի սխրանքի գնով ձեռք բերված մեծ ու փոքր հաղթանակները որքան էլ տպավորիչ, այնուհանդերձ բավարար չէին այդ ամենը պահելու համար։ Հարցերի հարցը մնում էր չլուծված։ Անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե ոմանց համար դա անիրականանալի թվացող երազանք էր, քարուքանդ եղած երկրի պայմաններում, ապա Վազգեն Սարգսյանի համար սեփական մաշկը զգալու չափ իրական եւ փայփայելի էր։ Որքան հավատ է պետք արտագաղթի ճամփան բռնած, հեղեղուկ կյանքի հորձանքներում տարուբերվող ժողովրդին համոզելու համար, որ հացից ավելի կարեւորը սեփական բանակ ունենալն է։
Եվ, այնուամենայնիվ, մեր հին ազգի վկայած Վահագնի տեսքով բոցերի միջից ծնվեց Հայոց ազգային բանակը։ Կուտակած փորձը, կամային հատկանիշները Վազգեն Սարգսյանին դարձրին այն անձը, որը պիտի ստանձներ հանրապետության առաջին պաշտպանության նախարարի ծանրագույն պաշտոնը։ Դա 1992 թվականի հունվարն էր։
Չգիտես ինչու մեր ուղեղում կաղապարված է այն միտքը, թե մենք պատերազմում միմիայն պիտի հաղթենք։ Մինչդեռ պատմության մեջ տակավին չի եղել այնպիսի պատերազմ, երբ կողմերից մեկը միմիայն հաղթի։ Պատերազմում հաշվի մեջ են նաեւ նահանջը ու ինչ-որ դրվագներում պարտությունը։ Անշուշտ, այդ կաղապարն էր պատճառը, որ ժողովուրդը անլուր տագնապով ընդունեց Արծվաշենի անկումը, Մարտակերտի ծանր դեպքերը։ Սակայն, ի վերջո, գլխավորը պատերազմում պարտությունն ու նահանջը հաղթանակի վերածելն է։ Դրամատիկ դեպքերը հաջորդում էին միմյանց։ Պատերազմի անողոք հունձքը տանում էր հրաշալի մարտընկերների։ Կորուստների ու ցավի մեջ նրան այցելեց չհասկացվածության հիդրան։ Բայց նա ընդունել էր արդեն պատերազմի կանոնները եւ կայացել իբրեւ մարտիկ։ Ուստի այդ մղձավանջին հակադրեց իր' զինվորի կամքը եւ իբրեւ մարդու' լավատեսությունը։
1992-ի ամռանը, երբ ադրբեջանական բանակը համալրվեց խորհրդային փլուզված բանակի ծանր զինտեսակներով, արցախյան ճակատներում դրությունը դարձավ օրհասական։ Թշնամու առաջխաղացումներին դիմագրավելու համար երկրապահների առավել փորձառու մի ստվար խմբի Վազգեն Սարգսյանն առաջնորդեց մարտադաշտ'
Մահապարտները ետ շրջեցին պատերազմի անիվը։
Պաշտպանության նախարարը իբրեւ պետական, ռազմական գործիչ, սկզբից եւեթ որդեգրեց ապակուսակցական ռազմագիծ, դրանով իսկ բանակը զերծ պահելով ներքին բեւեռացումների վտանգից։ Գերիշխող դարձավ ՙԲանակը ժողովուրդն է՚ կարգախոսը։ Սակայն բանակի կերտման գործընթացը հասարակական եւ սոցիալական անկայունության պայմաններում գտնվող երկրում լի էր ամենօրյա, ամենժամյա լարվածությամբ։ Ժողովրդի մեջ իշխող խուսափողական անվստահության տրամադրության շնորհիվ զորակոչը տալիս էր անցանկալի արդյունք քաղաքացիական կյանքում ծաղկում ապրող քրեական վարքագիծը հրապուրում էր շատ սպաների։ Իսկ այդ ամենի թիրախն ի վերջո մի մարդ էր, պաշտպանության նախարարը։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
Հայոց բանակը որպես փաստ եւ իրողություն դրված է աշխարհի ուժերի նժարին։ Հիմա այլեւս այն ժամանակները չեն, թե մեծաթիվ բանակի մեջ է հաղթանակը։ Այժմ առաջին պլան է մղվել բարձր մարտավարությունը, զենքի կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները։ Բանակն ինքը երկխոսություն է աշխարհի հետ, բանակը տպավորություն է, բանակը կարծիք է։ Իսկ հայոց բանակի վերընթացը սկսվեց 1994 թվականին, պատերազմական գործողությունների դադարից անմիջապես հետո։ Ազգային բանակի ծննդյան առաջին իսկ օրից Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում համատեղ զորակցության կերտող։ Դրա արգասիքը եղան հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, դաշնակցական պայմանագրերի կնքումը, բարձր մակարդակի փոխայցելությունները։
Նախարարը բանակային շինարարությունը սկսեց նրանով, որ մեկ օղակի մեջ միաձուլեց երկրապահ կամավորին եւ կադրային սպային։ Նա մի մարմին դարձրեց պատերազմի փորձն ու տեսական գիտելիքը։ Սա նուրբ եւ դժվարին ընթացք էր, անշուշտ' հղի որեւէ կողմի ինքնասիրությունը վիրավորելու վտանգով։ Եթե չլիներ Վազգեն Սարգսյանի անձի հանդեպ երկուստեք հավատքն ու վստահությունը։
Վազգեն Սարգսյանի' իբրեւ զորավարի եւ հայի գնահատելի արժանիքներից պետք է համարել խաղաղ պայմաններում Երկրապահ կամավորականներին հավաքել ու նախ բանակի մեջ որպես կորիզ պահելու եւ ապա ջոկատային, հատվածական մտածողությունից ձերբազատվելով' դրանց վարքը, բարոյականության ուժն ու լույսը քաղաքացիական կյանքում պահել-պահպանելու ջանքերը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել միություն, որն ուղղորդեր պատերազմում կուտակած երկրապահի ողջ ներուժը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր' մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։
Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում' 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի»կոչման եւ «Հայրենիք» շքանշանի։

Комментариев нет:

Отправить комментарий