вторник, 3 марта 2015 г.

Եղիշե Չարենց


Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
(ԵՂԻՇԵ ԱԲԳԱՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ)
1897 - 1937


1897թ. մարտի 1-ին (նոր տոմարով` մարտի 13-ին) Կարս քաղաքում ծնվել է Եղիշե Չարենցը: Սկզբում սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական դպրոցում:
1912թ. «Պատանի» ամսագրում (Թիֆլիս) լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը` «Ծաղիկները հեզ»:
1915թ. զինվորագրվել է հայկական յոթերորդ կամավորական բանակին և Կարսից հասել է Վան:
1916թ. մեկնել է Մոսկվա և սովորել Շանյավսկու անվան գրական համալսարանում:
1918թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1918-1919թթ, որպես Կարմիր բանակի շարքային զինվոր, մասնակցել է քաղաքային կռիվներին, մասնավորապես` Ցարիցինի պաշտպանությանը:
1919թ. հոկտեմբերին ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղում:
1920թ. սկզբին, որպես դաստիարակ, աշխատել է որբանոցում: Հենց այդ ժամանակ նրա հետ ծանոթացել են որբանոցի սաներ Գուրգեն Մահարին և Նաիրի Զարյանը:
1920թ. դեկտեմբերին Չարենցը աշխատել է լուսավորության ժողկոմում` որպես արվեստի բաժնի վարիչ:
1921թ. փետրվարին «Մուսայելյան» զրահագնացքի վրա` Արտաշատի ռազմաճակատում, մասնակցել է դաշնակցականների կազմակերպած խռովության ճնշմանը:
1922թ. մեկնել է Մոսկվա և սովորել է Վ. Բրյուսովի հիմնադրած գրական ինստիտուտում: Եղել է գրական «Երեքի խմբակ»-ի (Ե. Չարենց, Գ. Աբով, Ա. Վշտունի) անդամներից մեկը: Սովետական Հայաստանի գրական առաջին մանիֆեստի («Դեկլարացիա երեքի», 1922թ.) հեղինակներից է:
1924թ. նոյեմբերի 21-ին Չարենցը «Աբխազիա» նավով մեկնել է Եվրոպա, ուր մնացել է ութ ամիս: Եղել է Պոլսում, Աթենքում, Հռոմում, Նեապոլում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: Այդ ուղևորության ժամանակ հանդիպել է Ավետիք Իսահակյանին: Այնուհետև, վերադառնալով Հայաստան, հիմնադրել է «Նոյեմբեր» գրական միավորումը:
1928թ. Երևանում ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ:
1928-1935թթ աշխատել է Պետհրատում` որպես գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ:
1932թ. Ա. Բակունցի և Ե. Չուբարի հետ խմբագրել է «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը: Չարենցի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով:
1934թ.-ից ՍՍՀՄ գրողների միության անդամ է:
1937թ. նոյեմբերի 29-ին վախճանվել է Երևանում:

Չարենց գրական անվան հետ կապված է երկու տեսակետ, որոնց մասին պատմում է հենց ինքը` Եղիշե Չարենցը: Առաջինը գրի է առել Գուրգեն Մահարին. «Մի բժիշկ եկավ մեր քաղաք, մի տուն վարձեց ու դռան վրա փակցրեց. «Բժիշկ Չարենց ներքին հիվանդություններ»: «Չարենցը» հավանեցի ու վերցրի: Ես մի օր կանմահացնեմ բժշկին էլ, իր ազգանունն էլ»: Երկրորդի մասին նա հայտնել է Վիվանին: Դա պատահել է այսպես: «Երեք երգ տխրադալուկ աղջկա մասին» խորագրով առաջին գիրքը տպարանում էր, երբ բանաստեղծի ձեռքն է ընկնում Պուշկինի բանաստեղծությունների գիրքը: Պատահմամբ նրա աչքին է ընկնում «Անչար» բանաստեղծությունը: Եղիշեն «Անչարը» դարձնում է «Չարենց» և այդ անունով էլ մտնում է գրական ասպարեզ:
Սահմանվել է Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակ, որը տրվում է բարձրորակ թարգմանությունների համար:



Q


Комментариев нет:

Отправить комментарий